2022 թվականի ընթացքում Պրոբացիայի ծառայությունում առկա է եղել 417 շահառուի վերաբերյալ հանրային աշխատանքներ պատժատեսակը կիրառելու մասին դատական ակտեր հիման վրա իրականացվող վարույթներ:
0-ը վարույթի կատարումն ավարտվել է, իսկ 0
վարույթ կատարման ընթացքում է:

Պատժատեսակի հասկացությունը և կիրառումը


Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։
Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։ Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Բացի այդ, դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:
Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։ Նշված նվազագույն ժամկետը չի տարածվում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքերի վրա:
Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից:

Հանրային աշխատանքներ նշանակելու արգելքը


Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:

Հանրային աշխատանքների տեսակները


Հանրային աշխատանքների կատարման վայրը, տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հաշվի են առնվում հանրային աշխատանքների կատարման վայրի և պրոբացիայի շահառուի հաշվառման վայրի (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրի) միևնույն համայնքի կամ վարչական շրջանի շրջանակում տեղակայված լինելու հանգամանքը: Ցանկացած դեպքում հանրային աշխատանքների կատարման վայրը պետք է լինի պրոբացիայի շահառուի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հանրային աշխատանքների կատարման վայրը տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հնարավորինս հաշվի է առնվում նաև պրոբացիայի շահառուի կարծիքը:
Պրոբացիայի շահառուին տարածքային մարմնի կողմից կարող են առաջարկվել հետևյալ աշխատանքները՝

  • բանվորական աշխատանքներ (բակերի բարեկարգում, բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգում, ցանկապատերի ներկում, շենք-շինությունների կոսմետիկ վերանորոգում).
  • ոռոգման աշխատանքներ.
  • կանաչապատման աշխատանքներ.
  • հողի մշակման աշխատանքներ
  • ճանապարհային նշանների ներկում, մոնտաժում.
  • պատմամշակութային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:


Պրոբացիայի շահառուի պարտականությունները


Պրոբացիայի շահառուն պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել տարածքային մարմնին:
Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:
Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պրոբացիայի շահառուի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով տարածքային մարմինը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:
Պրոբացիայի շահառուին պարտավոր է տարածքային մարմնին տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին: Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին տարածքային մարմնին կարող է տեղեկացնել նաև տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:


Հանրային աշխատանքներ կատարելուց չարամտորեն խուսափելը


Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`

  • մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.
  • հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.
  • ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել տարածքային մարմին.
  • հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց: