17/10/2018
2018 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն են այցելել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից Հայաստան հրավիրված գերմանացի փորձագետներ՝ Պրոբացիոն ծառայության և դատական օգնության մասնագիտական ծառայության պաշտոնաթող ղեկավար Վոլֆգանգ Այխշթեդթերը և Գերմանիայի պրոբացիոն ծառայության սոցիալական աշխատանքի, քրեական իրավունքի և քրեական արդարադատության քաղաքականության մասնագիտական միավորման պաշտոնաթող նախագահ դոկտոր պրոֆ. Հայնց Կորնելին, IRZ ծրագրի մենեջեր Ամալիա Վուքերթը, Հայաստանում IRZ ծրագրի համակարգող Նելլի Թումասյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:
Ճանաչողական այցի նպատակն է Հայաստանում պրոբացիայի ոլորտում առկա իրավիճակի ուսումնասիրության և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատողների վերապատրաստման հայեցակարգի մշակմանը նվիրված հանդիպումներ կազմակերպելը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ողջունելով  հյուրերին  շնորհակալություն է հայտնել այցելության համար և ներկայացրել ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթներն ու կառուցվածքը, ծառայության կողմից վարվող ընթացիկ գործերի վիճակագրությունը: Ա.Նավասարդյանն անդրադարձել է նաև ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերին, էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրմանը, խորհրդատվական զեկույցների կազմման գործընթացին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական մի շարք հարցեր, մասնավորապես՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը, մինչդատական, դատական, պատժի կատարման, հետպատժյա փուլերը, ինչպես նաև ծառայությունում առկա խնդիրները և աշխատակիցների վերապատրաստման կարիքները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք  բերվել այցելել նաև Պրոբացիայի ծառայության մարզային բաժիններ: