28/02/2019
2019 թվականի փետրվարի 27-ին «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի (Ցանց) անդամները հանդիպում ունեցան արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել և հզորացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Միևնույն ժամանակ  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցն իրականացնում է ԿԵՀ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվեցին պրոբացիայի ծառայության՝ Ցանցի կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին առընչվող խնդիրներ, ինչպես նաև Ցանցի և արդարադատության նախարարության համագործակցության այլ գործնական հարցեր։

Մասնավորապես, Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը մեկ անգամ ևս նշեց պրոբացիայի ծառայության շահառուների և ծառայողների հետ անմիջական հարաբերվելու կարևորությունը։ Պրոբացիայի ծառայությունը, որպես համայնքահեն կառույց, կարիք ունի քաղաքացիական հասարակության աջակցության։ Մշտադիտարկման արդյունքները տեսանելի կդարձնեն հնարավոր համագործակցության եզրերը, բացերը և հեռանկարները։

Փոխնախարար Քրմոյանը ողջունեց մշտադիտարկում իրակակացնելու գաղափարը, միևնույն ժամանակ կարևորելով պրոբացիայի շահառուների անձնական տվյալների պաշտպանությունը։

Փոխնախարարը Ցանցին պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմների կատարելագործման ոլորտում համագործակցելու կոչ արեց։

Հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ ուղղված հետագա համատեղ գործողություններին։

Աղբյուրը՝ 
http://csi.am/hy/%C2%AB%D5%A1%D5%BB%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%...