Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության նպատակը, խնդիրները և «Եվրասիա միջազգային համալսարան» ՍՊԸ-ի գիտակրթական ու գիտահետազոտական մեծ ներուժը, ինչպես նաև Համալսարանի կողմից պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և գործնական աշխատանքներում փորձի փոխանակումը 2021 թվականի հունիսի 25-ին վերջիններս կնքեցին համագործակցության հուշագիր:
Նկատի ունենալով Պրոբացիայի ծառայության աճող դերը մեր պետության հասարակական կյանքում ՀՀ պրոբացիայի ծառայությունը և Հայ - Ռուսական համալսարանը 2021 թվականի հունվար ամսին կնքեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի կարևոր դրույթներն են համարվում՝ Համալսարանի գիտական ​​ներուժի օգտագործումը պրոբացիայի ծառայության անձնակազմի վերապատրաստման համար համատեղ ծրագրի շրջանակներում, տեսական և գիտական հետազոտություններ` «Պրոբացիայի մասին» ՀՀ գործող օրենքը բարելավելու համար, ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում պրոբացիայի ծառայությունում:
Նկատի ունենալով հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ հոգեբաններ և սոցիալական ծառայողներ պատրաստելու՝ «Ուրարտու» համալսարանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև բարձր գնահատելով Համալսարանի կողմից պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներում փորձի կիրառումը և պրոբացիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված  դասընթացների կազմակերպումը՝
2021 թվականի հունիսի 15-ին Պրոբացիայի ծառայության և Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներից է իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի մշակումը, դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը:

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության առաքելությունն է ամրապնդել սոցիալական արդարության քաղաքականությունն ու սկզբունքները փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել և խթանել Հայաստանում ազատ և դեմոկրատական հասարակության կայացմանը: Կազմակերպությունը իրականացրել է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» երկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից:

2006թ-ից մինչ օրս Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպությունն իր գործընկերների հետ համատեղ ջանքերով Հայաստանում հիմնել է 10 Համայնքային վերականգնողական կենտրոններ Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ճամբարակ, Իջևան, Կապան, Թալին, Արտաշատ և Էջմիածին քաղաքներում, որոնք տեղակայված են վերոնշյալ քաղաքներում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունում կամ դաստիարակչական-կրթական հաստատությունում: 

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը ստեղծվել է 2001թ.-ին: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են` դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը, քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության աշխատողների կրթական մակարդակի բարձրացումը, դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը: