Զարգացած և զարգացող մի շարք երկրներում (որպես այլընտրանք) քրեական վերականգնողական արդարադատությունը ներկայումս ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն պատժողական ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:  

Այդպիսի սկզբունքների որդեգրման արդյունքում էլ մշակվեց Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը: Հայեցակարգի հիման վրա մշակվեց և 2016 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն:

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և խորհրդատվական զեկույցի տրամադրման կարգի, պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունների, ինչպես նաև պրոբացիայի ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության հետ կապված հարաբերությունները: 

Պրոբացիայի նպատակներն են՝ 

  • քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով. 
  • հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը. 
  • հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով. 
  • պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը. 
  • քրեական արդարադատության իրականացման աջակցությունը: 

Համակարգչային դասասենյակ (առաջ և հիմա)

Հոգեբանի սենյակ (առաջ և հիմա)

Լուսանկարչության դասասենյակ (առաջ և հիմա)

Համակարգչային դասասենյակ (առաջ և հիմա)

Հոգեբանի սենյակ (առաջ և հիմա)

Լուսանկարչության դասասենյակ (առաջ և հիմա)

Պրոբացիայի շահառուների կողմից պատրաստված իրեր

Թաղիքագործության դասասենյակ

Պրոբացիայի շահառուների կողմից պատրաստված իրեր

Պրոբացիայի շահառուների կողմից պատրաստված իրեր

Պրոբացիայի խնդիրներն են՝ 

  • քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը. 
  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը. 
  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները. 
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը. 
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը. 
  • պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը: 

Վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը գործնականում կյանքի կոչելու նպատակով Պրոբացիայի ծառայությունում իրականացվել և շարունակաբար իրականացվում են մի շարք քայլեր: Մասնավորապես՝ 

  • մշակվել և փուլային սկզբունքով գործարկվել է ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված. 
  • պրոբացիայի շահառուները պարբերաբար ընդգրկվում են վերասոցիալականացմանն ուղղված մի շարք ծրագրերում և միջոցառումներում. 
  • շարունակական աշխատանքներ են տարվում նաև զբաղվածության կենտրոնների հետ. 
  • պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով շահագործման են հանձնվել սենյակներ, որոնք նախատեսված են համակարգչային, թաղիքագործության և լուսանկարչության դասընթացների իրականացման համար. 
  • ստեղծվել է հոգեբանի անկյուն, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ: 

Ձեռնարկված քայլերին զուգընթաց Պրոբացիայի ծառայությունը Արսեն Նավասարդյանի (կենսագրությունը) ղեկավարությամբ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման, ծառայության կարողությունները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ: