Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների հիմնական նպատակը համարելով վերասոցիալականացումը՝ Արագածոտնի մարզային մարմինը նոյեմբերի 13-ին կազմակերպել է շահառուների այցելություն Աշտարակում ծնված, գրականության և գիտության ասպարեզում հայտնի անձանց տուն-թանգարաններ։ Մասնավորապես՝ այցելություն է կազմակերպվել Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, որտեղ առանձին սրահներ են հատկացված նաև արձակագիր Վարդգես Պետրոսյանի և մեծ գիտնական Նորայր Սիասակյանի իրերի և ստեղծագործական կյանքին վերաբերվող նյութերի համար։ Վերջիններիս տուն-թանգարանները տեխնիկական խնդիրների պատճառով չեն գործում։
Միջոցառման ժամանակ էքսկուրսավարի կողմից մանրամասն ներկայացվել է Աշտարակում ծնված ստեղծագործողների կյանքը և գործունեությունը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրվել նրանց հայրենանպաստ գործունեության վերաբերյալ։
Միջոցառմանը մասնակցում էր 21 շահառու, որոնցից մի քանիսը բավականին քաջատեղյակ էին հայ մեծերի կյանքին, ինչի արդյունքում հետաքրքիր զրույց տեղի ունեցավ շահառուների և էքսկուրսավարի միջև։ Այցելությունը հետաքրքրություն առաջացրեց նաև այն շահառուների շրջանում, որոնք առաջին անգամ էին մասնակցում կազմակերպված վերասոցիալական միջոցառմանը և ցանկություն առաջացրեց մասնակցելու հաջորդիվ կազմակերպվող միջոցառումներին։