04/06/2020
2020 թվականի հունիսի 3-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ծառայության տարածքային մարմինների և կենտրոնական բաժինների ղեկավար անձնակազմի հետ՝ քննարկելու երկրում կորոնովիրուսի վարակի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ առթիվ Ծառայության կողմից իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:
Ծառայության պետի կողմից ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Պրոբացիայի ծառայության շահառուների ընդունելության ժամանակ հանրային առողջության պահպանման նպատակով Պարետի կողմից սահմանված կանոնների խիստ պահպանմանը։ Շահառուների ընդունելությունն առավել հարմար և անվտանգ կազմակերպելու նպատակով առաջարկվել է Ծառայության մարզային մարմինների շենքերում հատկացնել առանձին տարածքներ։ Բարձր է գնահատվել մի շարք կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համավարակի ժամանակ Պրոբացիայի ծառայության շահառուներին անհրաժեշտ սնունդով և հիգիենայի պարագաներով ապահովելու գործում:
Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև Ծառայության գործունեության արդյունավետության որակական բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրականացումը, մասնավորապես՝ Ծառայության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական առաջարկությունները, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը, որոնց ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տարաբնույթ առանցքային փոփոխություններ Ծառայության գործունեության բարելավման և լիազորությունների վերապահման վերաբերյալ:
Հատուկ ուշադրության է հրավիրվել Ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված թիրախային միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, որոնց շրջանակում մատուցվում են սոցիալ-հոգեբանական, իրավական, ինչպես նաև իրավագիտակցության բարձրացմանն ուղղված առցանց խորհրդատվություններ: Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի 14.04.2020թ. թիվ 142-Լ հրամանով հաստատված Ծառայության աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին նոր հաշվետվության ներկայացման ձևը, Ծառայության պետի կողմից տրված հանձնարարականները և դրանց պատշաճ կատարումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ծառայության հաշվառման և վիճակագրության բաժնի կողմից ակտիվորեն իրականացվող արխիվացման գործընթացը, ինչպես նաև բազմաթիվ այլ ընթացիկ հարցեր: