03/10/2024

Եվրոպական միության աջակցությամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ին Սյունիքում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը։

Կազմակերպությունը Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց և նախկին դատապարտյալների համար իրականացնում է «Ես փոխվում եմ» վերասոցիալականացման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս շահառուներին նաև վերամասնագիտանալու։ Գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ օճառագործության դասընթացին հետևեցին ու այնուհետ քննարկումներին մասնակցեցին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանն և նույն մարզային մարմնի ավագ ծառայող Համլետ Գևորգյանը։ Ծրագրում ընդգրկված է 40 շահառու, որից 25-ը ցանկություն են հայտնել սովորելու օճառագործություն ու մոմագործություն։

Քննարկմանը Պրոբացիայի ծառայության, օրենդիր ու գործադիր մարմինների, ՄԻՊ-ի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները քննարկեցին պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց ու նախկին դատապարտյալների համար նախատեսված վերասոցիալականացման ծրագրերը, ավելի արդյունավետ դարձնելու ուղղությունները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի դիտարկմամբ ողջունելի է Պրոբացիայի ծառայության և ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքը՝ նշելով, որ հնարավոր խնդիրները համատեղ լուծելն ավելի արդյունավետ է։

Վերջում հյուրերը գնեցին դասընթացի մասնակիցների պատրաստած օճառները։ Դասընթացը կազմակերպվելու է նաև Գորիս համայնքում ապրող շահառուների համար։