Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Պատմություն

Զարգացած և զարգացող մի շարք երկրներում (որպես այլընտրանք) քրեական վերականգնողական արդարադատությունը ներկայումս ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն պատժողական ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:  

Այդպիսի սկզբունքների որդեգրման արդյունքում էլ մշակվեց Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը: Հայեցակարգի հիման վրա մշակվեց և 2016 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն:

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման և խորհրդատվական զեկույցի տրամադրման կարգի, պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունների, ինչպես նաև պրոբացիայի ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության հետ կապված հարաբերությունները: 

 

Պրոբացիայի նպատակներն են՝ 

  • քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով. 
  • հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը. 
  • հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով. 
  • պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը. 
  • քրեական արդարադատության իրականացման աջակցությունը: 

 

Պրոբացիայի խնդիրներն են՝ 

  • քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը. 
  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը. 
  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները. 
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը. 
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը. 
  • պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը: 

Վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը գործնականում կյանքի կոչելու նպատակով Պրոբացիայի ծառայությունում իրականացվել և շարունակաբար իրականացվում են մի շարք քայլեր: Մասնավորապես՝ 

  • մշակվել և փուլային սկզբունքով գործարկվել է ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված. 
  • պրոբացիայի շահառուները պարբերաբար ընդգրկվում են վերասոցիալականացմանն ուղղված մի շարք ծրագրերում և միջոցառումներում. 
  • շարունակական աշխատանքներ են տարվում նաև զբաղվածության կենտրոնների հետ. 
  • պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով շահագործման են հանձնվել սենյակներ, որոնք նախատեսված են համակարգչային, թաղիքագործության և լուսանկարչության դասընթացների իրականացման համար. 
  • ստեղծվել է հոգեբանի անկյուն, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ: 

 


Պատմական ակնարկ

1841 թվականին Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի բնակիչ, կոշկակար Ջոն Ավգուստուսը խնդրեց դատարանին իր հսկողությանը հանձնել հարբեցող մի դատապարտյալի: Դատարանը բավարարեց խնդրանքը: Ջոնն օգնեց ազատության մեջ գտնվող դատապարտյալին վերջ տալ հարբեցողությանը և փոխել վարքը:

Հենց այս պատմությունը նախադեպ դարձավ ամերիկյան դատարանների համար աստիճանաբար կիրառելու «Պրոբացիա» կոչվող մեթոդը:

Մոտ 30 տարի անց, կրկին Բոստոնում, քաղաքապետը վարձեց նախկին մի ոստիկանի` հսկելու դատապարտյալի վերադաստիարակմանը: Այդ ոստիկանն էլ փաստացի դարձավ պրոբացիոն ծառայության աշխատակցի նախատիպը:

«Պրոբացիա» եզրույթն առաջացել է լատիներեն «PROBARE» բառից և նշանակում է փորձել: Իրավաբանության մեջ պրոբացիան այլընտրանք է ազատազրկմանը, յուրատեսակ փորձաշրջան, հատկապես թեթև իրավախախտում կատարած անձանց համար: Ըստ էության դատարանի վճռով նրանց հնարավորություն է տրվում սահմանափակ ազատության մեջ, որոշակի վերահսկողության պայմաններում կրել պատիժը կամ խափանման միջոցը:

Պրոբացիան Հայաստանում նոր երևույթ է, չնայած մինչ այդ էլ կիրառվում էին պատժատեսակներ առանց ազատազրկման: Ազատության մեջ գտնվող իրավախախտների նկատմամբ վերահսկողություն իրականացնում էր քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը, որի հենքի վրա 2016 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:

Պրոբացիան ազատազրկմանը փոխարինող՝ այլընտրանքային պատժատեսակ է, որը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձին կրել դատարանի սահմանած պատիժն՝ առանց կտրվելու հասարակությունից, ընտանիքից: Այն կրկնահանցագործությունը կանխելու, քրեական ենթամշակույթի ազդեցությունը բացառելու միջոց է: Պրոբացիայի ծառայությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի հանցագործություն կատարած անձն ու տուժողը հաշտվեն:

Նախկինում գործող այլընտրանքային պատիժների կատարման բաժինն առավելապես հսկողություն էր իրականացնում ազատության մեջ պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ : Պրոբացիայի ծառայության նպատակներն ու գործառույթները շատ ավելի լայն են և ենթադրում են անհատական մոտեցում պրոբացիան անցնող յուրաքանչյուր շահառուի նկատմամբ: Պրոբացիայի ծառայողը նախ պարզում է հանցագործություն կատարելու դրդապատճառները, իրավախախտում կատարած անձի անցյալը, ինչպես նաև ներկա պահին նրա սոցիալական, ընտանեկան, հոգեկան վիճակը, հասկանում է առկա խնդիրները, ապա մշակում է հստակ անհատական ծրագիր, աջակցում է մասնագիտություն ստանալու և աշխատանք գտնելու գործում, ապահովում է անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական կամ այլ խորհրդատվությամբ: Իրավախախտում կատարած անձի հետ աշխատելու այս մեթոդը նորություն է Հայաստանում և այն պրոբացիայի ծառայության աշխատանքի կարևորագույն ուղղությունն է:

Տնային կալանքի կիրառման մասին վկայությունները վերաբերում են բիբլիական ժամանակներին: Հռոմեացիները նման պատժի էին ենթարկել Պողոս առաքյալին: էլեկտրոնային հսկողությամբ տնային կալանքը սկսել են կիրառել անցյալ դարի 60-ական թվականներից: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Կրքլենդն ու իր ղեկավարած հետազոտական խումբը ստեղծեցին մոտ մեկ կիլոգրամանոց սարք, որը ռադիոալիքներ էր ուղարկում մինչև 400 մետր հեռավորության վրա տեղակայված հատուկ մոնիտորին: Հետագայում սարքը կատարելագործվեց, իսկ 80-ական թվականներին, երբ արդեն գոյություն ուներ բջջային հեռախոս և GPS համակարգ, ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեք Լավը տնային կալանքում գտնվող 5 դատապարտյալի նկատմամբ կիրառեց էլեկտրոնային հսկողությունը:

Հայաստանում էլեկտրոնային հսկողություն պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի մինչդատական, դատական փուլերում այլընտրանքային խափանման միջոցների և անվտագության միջոցների հետ համակցված և պատժի կրման փուլում:

Էլեկտրոնային սարքավորումների միջոցով հսկողությունն իրականացվում է դատարանի որոշման հիման վրա, երբ իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառվում է այլընտրանքային խափանման միջոց, ասենք տնային կալանք, կամ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ:

Էլեկտրոնային հսկողության սարքը ամրացվում է շահառուի ոտքին: Ընտրելով չափը, որը ընտրվում է հատուկ գործիքի միջոցով, այնուհետև ամրացնելով ամրակները՝ սարքը վերջնականապես ամրացվում է շահառուի ոտքին: Ամրացնելուց հետո այն հանելու միակ տարբերակը՝ կտրելն է: Այսինքն, շահառուի կողմից այն հանելու և ևս մեկ անգամ օգտագործելու տարբերակ չկա:

Հատուկ սարքը տեղադրվում է շահառուի բնակության վայրում, և GSM համակարգով աշխատակիցը կարողանում է հետևել դատապարտյալին/շահառուին և պարզել նրա գտնվելու վայրը։

Ենթադրենք դատարանի վճռով սահմանափակվել է իրավախախտում կատարած անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, այսինքն, նա չի կարող բացակայել իր բնակավայրից , այցելել զվարճանքի վայրեր` սրճարան, ռեստորան, գարեջրատուն, բայց կարող է թատրոն, գրադարան, կինոթատրոն գնալ: Եթե անձը խախտում է սահմանված պայմանները, ապա նրա ոտքին ամրացված էլեկտրոնային սարքի միջոցով ահազանգը հասնում է կենտրոնում տեղադրված համակարգչին, և պրոբացիայի ծառայողը գրանցում է խախտումը, ապա զգուշացնում տվյալ անձին: Խախտումը կրկնվելու դեպքում հաշվետվություն է ներկայացվում դատարանին կամ համապատասխան մարմին և, այդ դեպքում հնարավոր է, որ կիրառվի ավելի խիստ խափանման միջոց կամ պատիժ:

Պրոբացիայի մասին օրենքն ընդունվել է 2016թ. մայիսին, բայց կիրառվելու է աստիճանաբար, որոշ դրույթներ այս տարվանից, իսկ ամբողջությամբ 2018թ. հունվարի 1-ից: Առայժմ պրոբացիան կարող է կիրառվել իրավախախտում կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարանի վճռով նշանակվել է փորձաշրջան, նրանք կրում են այլընտրանքային պատժատեսակ, կամ հետաձգվել է պատժի կատարումը, կամ ազատվել են վաղաժամկետ:

Պրոբացիան Հայաստանում սկսել է իր փորձաշրջանը:

Դա փորձաշրջան է ոչ միայն այն անձանց համար, որոնք այլընտրանքային պատիժ են կրում, այլ նաև պրոբացիայի պետական ծառայության աշխատողների և, ընդհանրապես, արդարադատության համակարգի համար:

Եվ ամենակարևորը՝ դա փորձաշրջան է հասարակության մոտեցումների և մտածելակերպի փոփոխության համար: