Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պրոբացիայի ծառայության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

20.02.2026
Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պրոբացիայի ծառայության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ներկայացվել է Պրոբացիայի ծառայության 2025 թ. գործունեության հաշվետվությունը։
Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը զեկուցել է՝                                                           

  • 2025 թ.-ին վարույթների քանակը կազմել է 24 311՝ նախորդ տարվա 15 525-ի համեմատ։                                                                                                   
  • Ծառայության շահառուների թիվը կազմել է 20 132, մինչդեռ նախորդ տարի այն եղել է 13 212։
  •  Ծառայության կողմից 2025թ․-ին կազմվել է 901 զեկույց, որոնցից 648-ը դատարաններում դարձել են քննարկման առարկա։ Արդյունքում պայմանական վաղաժամկետ ազատվել է 118 դատապարտյալ։
  • Ձեռք է բերվել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որոնցից 729-ը՝ վարչական հսկողության, իսկ 30-ը՝ տնային կալանք խափանման միջոցի կիրառման համար։
  • Ծառայության միջնորդությամբ և իրականացված վերասոցիալականացման միջոցառումների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 5 շահառու, որոնցից մեկը՝ Պրոբացիայի ծառայությունում։
  •  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են կրթական դասընթացներ՝ ծրագրավորման հիմունքներ, անգլերեն լեզու, ընդհանուր հոգեբանություն։ Դասընթացներին մասնակցել է 36 շահառու, իսկ շուրջ 1 224 շահառու մասնակցել է կրթական, մշակութային և մարզական միջոցառումներին։

Նախանշվել են նաև Ծառայության 2026 թ.-ի առաջնահերթությունները, մասնավորապես՝

  • Տարածքային մարմիններում նույնականացման սարքերի տեղադրում, արխիվային փաստաթղթերի թվայնացում, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործում և այլն։
  • Ծառայության կողմից տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների պատշաճ կատարման ապահովման նպատակով 2026 թ.-ին նախատեսվում է ձեռք բերել 425 էլեկտրոնային հսկողության սարք, որոնցից 183-ը՝ տնային կալանքի, իսկ 242-ը՝ վարչական հսկողության իրականացման համար, ինչպես նաև տուգանքների վճարման արդյունավետ մեխանիզմի ներդնում՝ վճարային տերմինալների միջոցով: 

Սրբուհի Գալյանը կարևորել է ներկայացված աշխատանքը՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքի ծավալի էական աճը և գործառույթների ընդլայնումը պայմանավորված են Ծառայությանը վերապահված նոր լիազորություններով, ինչպես նաև դրանց արդյունավետ և պատշաճ իրականացմամբ։

Նախարարը կարևորել է նաև նոր կադրերի ներգրավումն ու Ծառայությունը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող, որակյալ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը:  Միաժամանակ նա ընդգծել է առկա համակարգային խնդիրների համակողմանի վերհանման և դրանց լուծման ուղղությամբ հետևողական ու համալիր քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։