«Պրոբացիայի պետական ծառայությունում իրավախախտների վերասոցիալականացումը՝ համայնքում գործընկերության զարգացման միջոցով» թեմայով կազմակերպված երկօրյա դասընթաց
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները 2018 թվականի փետրվարի 1-2-ը մասնակցել են «Պրոբացիայի պետական ծառայությունում իրավախախտների վերասոցիալականացումը՝ համայնքում գործընկերության զարգացման միջոցով» թեմայով կազմակերպված երկօրյա դասընթացին:
Դասընթացին մասնակցել են նաև Երևան քաղաքի Ոստիկանության Անչափահասների գործերով և Համայնքային ոստիկանության բաժանմունքների, Ավան, Նոր Նորք և Շենգավիթ վ/շ-ների Սոցիալական աջակցության տարածքային բաժինների, Զբաղվածության պետական գործակալության և տարածքային կենտրոնների, ինչպես նաև ոլորտի հասարակական կառույցների ներկայացուցիչները:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացի ընթացքում քննարկվել են շեղվող վարքի տեսությունները, հանցավոր վարքի պատճառականությունը և շտկման մեխանիզմները, ոլորտի կառույցների միջև համագործակցության և գործընկերության ստեղծման, ինչպես նաև իրավախախտների վերասոցիալականացմանն ուղղված համատեղ աշխատանքների պլանավորման առկա և հնարավոր մեխանիզմները:
Մասնակիցներին ներկայացվել է նաև թե ինչ է պրոբացիան (բանտային համակարգի վերափոխում, այլընտրանքային պատժամիջոցներ), (ՊՊԾ-ի նպատակը, խնդիրները, պրոբացիայի ծառայողի մասնագիտական դերերը), պրոբացիայի պետական ծառայության գործառույթները քրեական արդարադատության տարբեր փուլերում, վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքները անչափահաս/երիտասարդ իրավախախտների հետ, սոցիալական ծառայությունների դերը պրոբացիայի պետական ծառայության գործունեության շրջանակներում:
Դասընթացի ավարտին որոշվել է, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որը կնպաստի գործընկերային կապերի ամրապնդմանը, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Սոցիալական Արդարություն» ՀԿ և «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ կոնսորցիումի կողմից, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“Strong CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: