Հենց այս պատմությունը նախադեպ դարձավ ամերիկյան դատարանների համար աստիճանաբար կիրառելու «Պրոբացիա» կոչվող մեթոդը:
Մոտ 30 տարի անց, կրկին Բոստոնում, քաղաքապետը վարձեց նախկին մի ոստիկանի` հսկելու դատապարտյալի վերադաստիարակմանը: Այդ ոստիկանն էլ փաստացի դարձավ պրոբացիոն ծառայության աշխատակցի նախատիպը:
«Պրոբացիա» եզրույթն առաջացել է լատիներեն «PROBARE» բառից և նշանակում է փորձել: Իրավաբանության մեջ պրոբացիան այլընտրանք է ազատազրկմանը, յուրատեսակ փորձաշրջան, հատկապես թեթև իրավախախտում կատարած անձանց համար: Ըստ էության դատարանի վճռով նրանց հնարավորություն է տրվում սահմանափակ ազատության մեջ, որոշակի վերահսկողության պայմաններում կրել պատիժը կամ խափանման միջոցը:
Պրոբացիան Հայաստանում նոր երևույթ է, չնայած մինչ այդ էլ կիրառվում էին պատժատեսակներ առանց ազատազրկման: Ազատության մեջ գտնվող իրավախախտների նկատմամբ վերահսկողություն իրականացնում էր քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը, որի հենքի վրա 2016 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:
Պրոբացիան ազատազրկմանը փոխարինող՝ այլընտրանքային պատժատեսակ է, որը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձին կրել դատարանի սահմանած պատիժն՝ առանց կտրվելու հասարակությունից, ընտանիքից: Այն կրկնահանցագործությունը կանխելու, քրեական ենթամշակույթի ազդեցությունը բացառելու միջոց է: Պրոբացիայի ծառայությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի հանցագործություն կատարած անձն ու տուժողը հաշտվեն:
Նախկինում գործող այլընտրանքային պատիժների կատարման բաժինն առավելապես հսկողություն էր իրականացնում ազատության մեջ պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ : Պրոբացիայի ծառայության նպատակներն ու գործառույթները շատ ավելի լայն են և ենթադրում են անհատական մոտեցում պրոբացիան անցնող յուրաքանչյուր շահառուի նկատմամբ: Պրոբացիայի ծառայողը նախ պարզում է հանցագործություն կատարելու դրդապատճառները, իրավախախտում կատարած անձի անցյալը, ինչպես նաև ներկա պահին նրա սոցիալական, ընտանեկան, հոգեկան վիճակը, հասկանում է առկա խնդիրները, ապա մշակում է հստակ անհատական ծրագիր, աջակցում է մասնագիտություն ստանալու և աշխատանք գտնելու գործում, ապահովում է անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական կամ այլ խորհրդատվությամբ: Իրավախախտում կատարած անձի հետ աշխատելու այս մեթոդը նորություն է Հայաստանում և այն պրոբացիայի ծառայության աշխատանքի կարևորագույն ուղղությունն է:
Տնային կալանքի կիրառման մասին վկայությունները վերաբերում են բիբլիական ժամանակներին: Հռոմեացիները նման պատժի էին ենթարկել Պողոս առաքյալին: էլեկտրոնային հսկողությամբ տնային կալանքը սկսել են կիրառել անցյալ դարի 60-ական թվականներից: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Կրքլենդն ու իր ղեկավարած հետազոտական խումբը ստեղծեցին մոտ մեկ կիլոգրամանոց սարք, որը ռադիոալիքներ էր ուղարկում մինչև 400 մետր հեռավորության վրա տեղակայված հատուկ մոնիտորին: Հետագայում սարքը կատարելագործվեց, իսկ 80-ական թվականներին, երբ արդեն գոյություն ուներ բջջային հեռախոս և GPS համակարգ, ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեք Լավը տնային կալանքում գտնվող 5 դատապարտյալի նկատմամբ կիրառեց էլեկտրոնային հսկողությունը:
Հայաստանում էլեկտրոնային հսկողություն պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի մինչդատական, դատական փուլերում այլընտրանքային խափանման միջոցների և անվտագության միջոցների հետ համակցված և պատժի կրման փուլում:
Էլեկտրոնային սարքավորումների միջոցով հսկողությունն իրականացվում է դատարանի որոշման հիման վրա, երբ իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառվում է այլընտրանքային խափանման միջոց, ասենք տնային կալանք, կամ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ:
Էլեկտրոնային հսկողության սարքը ամրացվում է շահառուի ոտքին: Ընտրելով չափը, որը ընտրվում է հատուկ գործիքի միջոցով, այնուհետև ամրացնելով ամրակները՝ սարքը վերջնականապես ամրացվում է շահառուի ոտքին: Ամրացնելուց հետո այն հանելու միակ տարբերակը՝ կտրելն է: Այսինքն, շահառուի կողմից այն հանելու և ևս մեկ անգամ օգտագործելու տարբերակ չկա:
Հատուկ սարքը տեղադրվում է շահառուի բնակության վայրում, և GSM համակարգով աշխատակիցը կարողանում է հետևել դատապարտյալին/շահառուին և պարզել նրա գտնվելու վայրը։
Ենթադրենք դատարանի վճռով սահմանափակվել է իրավախախտում կատարած անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, այսինքն, նա չի կարող բացակայել իր բնակավայրից , այցելել զվարճանքի վայրեր` սրճարան, ռեստորան, գարեջրատուն, բայց կարող է թատրոն, գրադարան, կինոթատրոն գնալ: Եթե անձը խախտում է սահմանված պայմանները, ապա նրա ոտքին ամրացված էլեկտրոնային սարքի միջոցով ահազանգը հասնում է կենտրոնում տեղադրված համակարգչին, և պրոբացիայի ծառայողը գրանցում է խախտումը, ապա զգուշացնում տվյալ անձին: Խախտումը կրկնվելու դեպքում հաշվետվություն է ներկայացվում դատարանին կամ համապատասխան մարմին և, այդ դեպքում հնարավոր է, որ կիրառվի ավելի խիստ խափանման միջոց կամ պատիժ:
Պրոբացիայի մասին օրենքն ընդունվել է 2016թ. մայիսին, բայց կիրառվելու է աստիճանաբար, որոշ դրույթներ այս տարվանից, իսկ ամբողջությամբ 2018թ. հունվարի 1-ից: Առայժմ պրոբացիան կարող է կիրառվել իրավախախտում կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարանի վճռով նշանակվել է փորձաշրջան, նրանք կրում են այլընտրանքային պատժատեսակ, կամ հետաձգվել է պատժի կատարումը, կամ ազատվել են վաղաժամկետ:
Պրոբացիան Հայաստանում սկսել է իր փորձաշրջանը:
Դա փորձաշրջան է ոչ միայն այն անձանց համար, որոնք այլընտրանքային պատիժ են կրում, այլ նաև պրոբացիայի պետական ծառայության աշխատողների և, ընդհանրապես, արդարադատության համակարգի համար:
Եվ ամենակարևորը՝ դա փորձաշրջան է հասարակության մոտեցումների և մտածելակերպի փոփոխության համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
© 2024 բոլոր իրավունքները պաշտպանված են
0026 ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Պաշտոնական էլ. փոստ info@probation.am
Հեռ՝ +374 15 40-02-10