Գրական ակումբը ենթադրում է քննարկումներ, բանավեճեր, սիրված հեղինակների, ստեղծագործությունների ներկայացումներ, հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ և այլն։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը հյուրընկալել էր ժամանակակից գրող Դավիթ Սամվեյանին, ով ծրագրի մասնակից թվով 6 շահառուներին ներկայացրեց իր նոր գիրքը՝ «4-րդ փողոց» վերնագրով։ Հեղինակի և շահառուների միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում ժամանակակից գրական կյանքը թեմայով, որտեղ շահառուները անկաշկանդ կերպով հայտնեցին իրենց մտքերը։
Նախատեսվում է գրական քննարկումները և բանավեճերը լինեն շարունակական, առաջին հանդիպման ժամանակ պլանավորվել է հաջորդ հանդիպման ընթացքում արդեն իսկ շահառուների կողմից ընտրված և կարդացած գրքի բովանդակության քննարկումը։
Գրական ակումբը հնարավորություն է տալու գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք, ստեղծել ընթերցասեր մարդկանց համագործակցություն՝ նպաստելու ընթերցված նյութը առավել համակողմանի քննարկելու և առավել խորությամբ ընկալելու, համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների միջոցով հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը, խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման զարգացմանը, զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը, արդի գրականության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով ծանոթ լինել ժամանակակից գրականությանն ու զարգացման ուղղություններին և հեռանկարներին: