02/05/2022
2022 թվականի ապրիլի 25-30-ը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պատվիրակությունը ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ փորձի փոխանակման նպատակով մեկնեցին Վրաստանի Հանրապետություն:  Այցն իրականացվել է Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հրավերով՝ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում:  
Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել պրոբացիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են Վրաստանում իրականացվող խափանման այլընտրանքային միջոցների կիրառումը և ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների էլեկտրոնային գնահատման գործիքի կիրառումը, անհատական վերահսկողության պլանի կազմումը, ինչպես նաև վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի իրականացման կարգը, անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները, հաշտարարության գործընթացի իրականացման նպատակները և եղանակները: Վրաստանի պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվեց նորարարական «Պրոբբոքս» համակարգը, ստեղծման նպատակը, կիրառման եղանակները:
ՀՀ պրոբացիայի ծառայության պատվիրակության այցի արդյունքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև ձեռք է բերվել փորձի փոխանակման և զարգացման շուրջ ավելի սերտ համագործակցության բանավոր համաձայնություն: