05/09/2017
2017թ. սեպտեմբերի 5-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ Լոռու մարզում կազմակերպել էր «Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության մարզային ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին, խթանել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների երկխոսությունը՝ ձևավորելով մի հարթակ, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ համագործակցություն հաստատել հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության միջև, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծառայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Պրոբացիայի ծառայության հիմնական գործառույթները, ցուցադրվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համագործակցության արդյունքում նկարահանված, Պրոբացիայի ծառայության մասին պատմող ֆիլմը, ծավալվեցին ակտիվ քննարկումներ և երկխոսություն, մասնակիցները հանդես եկան Պրոբացիայի ծառայության կայացմանը նպաստելու սեփական առաջարկներով:
Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շեշտեցին Պրոբացիայի ծառայության ներդրման կարևորությունը, որը, նրանց կարծիքով, առաջընթաց քայլ է մարդու իրավունքների հարգման և Հայաստանը վերականգնողական արդարադատության ճանապարհին դնելու ուղղությամբ:
Հասարակական կազմակերպությունների մի մասի համար պրոբացիան նոր, բայց և հետաքրքիր հասկացություն էր, որը նրանք մեծ ոգևորությամբ ընդունեցին և հավաստիացրին, որ ապագայում ծրագրեր կիրականացնեն նաև այս ուղղությամբ:
Բացի այդ, աշխատաժողովի մասնակից կազմակերպություններից ոմանք հայտնեցին Պրոբացիայի ծառայության շահառուների հետ աշխատանքներ տանելու իրենց նախաձեռնությունների մասին, որոնք առայժմ գտնվում են մշակման փուլում: Նրանք նաև նշեցին պրոբացիայի շահառուներին սոցիալական ծրագրերի իրականացման գործում ներգրավելու իրենց մտադրության մասին, ինչը պրոբացիայի շահառուներին կօգնի կտրվել նրանց վրա բացասական ներգործություն ունեցող միջավայրից և հանրօգուտ գործունեություն ծավալել:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում: