Պրակտիկայի անցկացման ծրագիր․ Հայաստանի Եվրոպական Համալսարանի «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողների հետ կազմակերպվել է ուսումնաարտադրական պրակտիկա
2024թ-ի հուլիսի 1-ից մինչև 26-ը Հայաստանի Եվրոպական Համալսարանի «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրի առկա ուսուցման կրթական ծրագրի 3-րդ կուրսի թվով 6 ուսանողների հետ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում կազմակերպվել է վերջիններիս ուսումնաարտադրական պրակտիկան, որը բաղկացած էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական ասպեկտներից։ Պրակտիկայի տեսական մասի ժամանակ ուսանողներին ներկայացվել են և վերջիններիս հետ քննարկվել են հետևյալ թեմաները՝
Պրոբացիայի ծառայության հիմնական նպատակները և խնդիրները, ինչպես նաև սկզբունքները, որի շրջանակներում ուսանողները ծանոթացան Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող այլընտրանքային պատիժներին, խափանման միջոցներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում շահառուների հետ իրականացվող վերահսկողության առանձնահատկություններին։
Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող շահառուների հետ վերահսկողության իրականացումը։ Այս թեմայի շրջանակներում ուսանողներին ներկայացվեց փորձաշրջանում գտնվող անձանց հետ կիրառվող Պրոբացիայի ծառայության Ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման գործիքը, դրա կիրառման առանձնահատկությունները։
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայության կողմից տրամադրվող զեկույցների կազմման առանձնահատկություններին։
Պրակտիկայի գործնական ասպեկտը իր հերթին բաղկացած է եղել երկու մասից ՝
Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող շահառուների հետ իրականացվող Ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման իրականացում։
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայության կողմից տրամադրվող զեկույցի կազմում։
Պրակտիկայի գործնական ասպեկտի առաջին մասի շրջանակներում ուսանողներին տրամադրվել է Ռիսկերի և քրեածին կարիքների գնահատման գործիքի թղթային տարբերակ և յուրաքանչյուրին մեկ անձնական գործ, որի հիման վրա պետք է գնահատվեր համապատասխան շահառուի քրեածին կարիքները։ Շահառուի քրեածին կարիքների գնահատման ժամանակ ուսանողները մանրակրկիտ ուսումնասիրել են համապատասխան անձնական գործը, ինչպես նաև օգտվել են «դատալեքս.ամ» տեղեկատվական կայքից, ուսումնասիրել են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի համապատասխան հոդվածները, անցկացվել են շահառու-ծառայող դերային խաղեր, որոնց ժամանակ ուսանողները հարցազրույցի միջոցով սովորել են պարզել ՌԿԳ գործիքի համապատասխան հարցերի պատասխանները։ Առաջին հատվածի շրջանակներում ուսանողները նաև մասնակցել են պրոբացիայի շահառուների հետ անցկացվող համապատասխան վերասոցիալականացման միջոցառումներին։
Պրակտիկայի գործնական ասպեկտի երկրորդ մասի շրջանակներում ուսանողներին տրամադրվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի հաստատված ձևաչափը, ինչպես նաև յուրաքանչյուրին տրամադրվել է մեկ դատապարտյալի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն՝ ՔԿՀ-ի անձնական գործից լուսապատճեններ, դատապարտյալի վերաբերյալ համապատասխան մարմիններ կատարած հարցումների պատասխաններ, որոնցից ուսանողները պետք է զետեղեին համապատասխան տեղեկատվությունը զեկույցի ձևաչափում։ Ձեկույցի կազմման շրջանականերում ուսանողները սովորել են գտնել որոշ հարցերի պատասխաններ ՀՀ քրեական օրենսգրքից և ՀՀ քրեակատարողական օրենսգրքից։ Անցկացվել են դատապարտյալ-ծառայող դերային խաղեր, որոնց ժամանակ ուսանողները հարցազրույցի միջոցով սովորել են պարզել դատապարտյալի՝ համապատասխան հարցերի վերաբերյալ վերաբերմունքը և դիրքորոշումը։ Երկրորդ հատվածի շրջանակներում ուսանողները նաև մասնակցել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ կայացած դատական նիստերին։