08/04/2024

2024 թվականի ապրիլի 8-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 4 կին շահառուներ այցելեցին «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»` մասնակցելու թանգարանի կողմից իրականացվող գորգագործության և կարպետագործության պրակտիկ դասընթացին։

Շահառուներին ներկայացվեց կարպետագործության և գորգագործության ստեղծման պատմությունը, ինչպես նաև ընձեռվեց հնարավորություն գործել փոքրիկ կարպետներ դազգահի վրա և թանգարանից որպես հուշ նվիրեցին մասնակիցներին։ Գործված կարպետների զարդանախշերը բազմազան էին, իսկ աշխատանքը՝ թերապևտիկ։

Կարպետագործությունը հայ ժողովրդի հնագույն արհեստներից է, և այն իր ուրույն տեղն է գրավել մշակույթի համընդհանուր գանձարանում դեռևս 5-րդ դարից։ Կարպետագործության և գորգագործության հետ կապված աշխատանքներն իրենց արտահայտությունն են գտել ժողովրդական բանահյուսության մեջ, կենցաղում։ Կարպետները ծառայել են տարբեր նպատակների և ունեցել են տարբեր անուններ։ Զանազան տեխնիկայով և ձևերով գործված կարպետները դասակարգվել են յոթ հիմնական խմբերի մեջ՝ մեզար, ջեջիմ, երկու երեսանի կարպետ, շուլալ, ուղիղ փաթաթովի օղաճիտ և փնջավոր (ծոպավոր) կարպետ: Հայ ժողովրդի կենցաղում կարպետային գործվածքները մեծ տեղ են գրավել: Օրինակ՝ մեզարները գործածվում էին հաց թխելու ժամանակ, ջեջիմից կարում էին սփռոց, ծածկոց, բարձ, խուրջին (ուսապարկ), ներքնակի երես, երկու երեսանի կարպետից պատրաստում էին վարագույր: Կարպետագործ անկողնապարկը, որի մեջ դարսած փոխադրել են անկողին, հագուստ, կարպետ, գորգ և այլն, հարսի օժիտի անհրաժեշտ մասն է կազմել: Կարպետային գործվածքները մարդկանց համար ծառայել են նաև որպես հանդերձանք: Հայ ժողովրդի կենցաղում տարածված էին կարպետագործ աղաքսակները և գդալամանները: