Սույն թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին Կոտայքի և Արարատի մարզերում տեղի ունեցան «ԷՍ ԹԻ ԱՐ» ակումբ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Time Attack» և «Drag Racing»-ի «Աբովյան 2021» և «Մասիս 2021» գավաթի ավտոմրցույթները։ Պրոբացիայի ծառայության Կոտայքի և Արարատի մարզային մարմնում հաշվառված շահառուները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու սպորտային միջոցառմանը։
Բազմաթիվ պրոֆեսիոնալ ավտոմարզիկներ և սիրողական դասի մասնակիցներ եկել էին ցուցադրելու իրենց մեքենաների հնարավորությունները և սպորտային պայքարում ուժերը փորձելու միմյանց հետ։ Ականատեսը լինելով հետաքրքիր և իրական պայքարին, շահառուները զրույց ունեցան «555 ՍՊՈՐՏ ՏՅՈՒՆԻՆԳ» ակումբի ներկայացուցիչ, Հայաստանում ավտոսպորտի բազմակի չեմպիոն, Կովկասի գավաթակիր՝ ավտոմարզիկ Արթուր Հարությունյանի հետ, ով մատչելի ներկայացրեց մրցույթի կանոնները, նպատակը և այլն։
Շահառուների համար օգտակար հանրային կապեր և շփումներ ստեղծելը, պահպանելը և զարգացնելը նպաստում է վերջինիս օրինապահ վարքագծի ձևավորմանը և հասարակությունում վերաինտեգրմանը։ Վերասոցիալականացման միջոցառումները մշակվում և իրականացվում են պրոբացիայի շահառուի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը հարգելու, օրինականության, մարդասիրության սկզբունքների հիման վրա: