09/12/2021
2021 թվականի դեկտեմբերի 9-ին Պրոբացիայի ծառայությունում տեղի ունեցավ հանդիպում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ միմյանց կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին և գտնել խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներում ընդհանուր համագործակցության եզրույթներ:
Կենտրոնի կողմից ներկայացվեց իրենց կողմից տրամադրվող ծառայությունների մասին, որոնք ներառում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին՝ նպաստելով վերջիններիս մշակութային և կրթական զարգացմանը, բնականոն սոցիալականացմանը, ոչ ցանկալի վարքային դրսևորումների հաղթահարմանը, հասարակության տարբեր շերտերի հետ շփմանը և այլն:
Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն իրենց հերթին ներկայացրեցին ծառայության խնդիրներն ու նպատակները, գործառույթները, ինչպես նաև իրականացվող վերասոցիալականմացման ծրագրերի և միջոցառումների շրջանակը: Կենտրոնի ներկայացուցիչներին շատ հետաքրքրեցին Ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման և վերականգնողական գործնական ծրագրերը, որոնք անչափահասների և անապահով ընտանիքների շրջանակում ունեցել են ձեռքբերումներ և հաջողված դեպքեր:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց Պրոբացիայի ծառայությունում հաշվառված չափահաս շահառուների երեխաներին և անչափահաս շահառուներին ուղղորդել Կենտրոն, որտեղ կիրականացվեն սոցիալ-հոգեբանական և մանկավարժական աշխատանքներ, այդ թվում՝ արտ-թերապիա, նկարչություն, կավագործություն, տիկնիկագործություն, էգոթերապիա, պարային և սպորտային թերապիա, հաղորդավարություն, ինչպես նաև լոգոպեդի և հոգեբանի մասնագիտական աջակցություն: