Վերասոցիալականացման ծրագրի շրջանակում փետրվարի 26-ին Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները 17 շահառուների հետ միասին այցելել են Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Այցի ընթացքում շահառուները, Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանի առաջնորդությամբ, աղոթք են բարձրացրել եկեղեցում։ Քահանան նրանց հետ քննարկել է «Մեծ Պահքի» խորհուրդը, «Բարու և Չարի» թեման, ինչպես նաև անդրադարձել ապաշխարության կարևորությանը՝ բացատրելով դրա հոգևոր նշանակությունն ու ազդեցությունը մարդու կյանքի վրա։
Այցի շրջանակում շահառուները մասնակցել են նաև «Եկեղեցու դերը ժողովրդի կյանքում» և «Սեր» թեմաների շուրջ քննարկումներին, որոնց ընթացքում կարևորվել է հավատքի, հոգևոր զարգացման և համայնքային արժեքների պահպանման նշանակությունը։
Միջոցառման ավարտին շահառուները մասնակցել են մոմավառության արարողությանը, իսկ քահանան անցկացրել է անհատական զրույցներ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Շահառուները նշել են, որ հոգևոր սննդի կարիք շատ ունեն և ցանկություն են հայտնել կրկին այցելել եկեղեցի՝ շարունակելու նմանատիպ հանդիպումները։