Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից նոյեմբերի 7-ին կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ այցելություն «Ագուլեցի» տուն-թանգարան և արտ-սրճարան, որին մասնակցել է վերոնշյալ բաժնում հաշվառված 18 շահառու։
Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, շահառուներին ներկայացրեց էքսկուրսավար Վիկտորիա Մարգարյանը։
Լուսիկ Ագուլեցի՝ մարդ, ով իր հետ բերել է տարազ կրելու մշակույթը, ով գծել և կարել է հայկական նոր տարազներ։ Մեծ հայուհի Ագուլեցին, ավելի քան 50 տարի որոնողական աշխատանքներ կատարելով, կարողացել է հավաքել բազմաթիվ նմուշներ, որոնք ունեն պատմական մեծ արժեքներ։ Ցուցասրահներում ներկայացված են դրամների հավաքածու, խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքային գործիքներ, սրբապատկերեր, հնատիպ գրքեր, հայկական նախշերով գորգեր, տարազներ և ազգային հագուստներ։ Հայտնի է նրա տիկնիկների մեծ հավաքածուն՝ դիցական, ծիսական և այլն։
Հայկական ոգով և շնչով լցված ազգագրական թանգարանում շահառուները ծանոթացան և գնահատեցին ժողովրդական մշակույթը, հարցեր տվեցին ազգային տարբեր ավանդույթների վերաբերյալ։ Վերասոցիալականացմանն ուղղված մշակութային միջոցառումների կազմակերպումը նպաստում է շահառուների քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, մշակութային իրազեկության բարձրացմանը, վերջիններիս մոտ ձևավորում է գեղագիտական վերաբերմունք մշակույթի և արվեստի առարկաների նկատմամբ, ոգեշնչում նրանց, սովորեցնում զարմանալ, պատկերացնել և երազել, ուսուցման նկատմամբ մոտիվացիա և հետաքրքրություն է առաջացնում, զարգացնում վերլուծական հմտությունները։