15/11/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի գլխավորած աշխատանքային խումբը ճանաչողական այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում։
«Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Տանյա Ռակուշիչ-Հադզիչի և ստորաբաժանման ղեկավար Ռալուկա Իվանի հետ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը՝ ներկայացնելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը և աշխատանքները։ Հանդիպման ընթացքում աշխատանքային խումը ծանոթացել է Ոստիկանությունում համագործակցության և ազատազրկման բաժնի աշխատանքին, քննարկել պրոբացիայի և բանտային ոլորտում Եվրոպայի խորհրդի չափանիշների վերջին զարգացումները, ինչպես նաև ամփոփել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կատարված ծրագրերը։

Պատվիրակությունը հանդիպել է նաև Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի ադմինիստրատոր Դալիա Զուկաուսկիենեի հետ՝ քննարկելով Հայաստանի նկատմամբ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի դերը և առաջարկությունները։

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ինչպես նաև քննարկել 2025 թվականին նախատեսվող աշխատանքների հնարավոր ուղղությունները։