Շախմատի ընկերական հանդիպում պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի շահառուների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների միջև
Սույն թվականի նոյեմբերի 16-ին, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, կազմակերպվել և անցկացվել է շախմատի ընկերական հանդիպում պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների միջև: Նմանօրինակ միջոցառումները, որոնք առաջին անգամ չէ, որ կազմակերպվում են պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի կողմից՝ նպատակ ունեն ձևավորել այնպիսի մթնոլորտ, որում պրոբացիայի շահառուները իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կգտնվեն ոչ պաշտոնական և ավելի անմիջական պայմաններում, ինչը հնարավորություն կտա նրանց անկաշկանդ շփվել և վերագնահատել իրավապահ համակարգի աշխատակիցների հետ հնարավոր առկա հակադրությունները, փոխել վերաբերմունքը։
Բացման խոսքով հանդես է եկել պրոբացիայի ծառայության վայոց ձորի մարզային մարմնի պետ Արմեն Գրիգորյանը և շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառմանը մասնակցելու համար։
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Վայոց ձորի մարզպետ պարոն Արարատ Գրիգորյանը և իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգնել պրոբացիայի շահառուներին իրենց հուզող խնդիրները լուծելու՝ մասնավորապես աշխատանքի տեղավորման, սոցիալական աջակցության հարցերում։