18/02/2019
2019 թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի կողմից «ԱՇԽԱՏԱՆՔ և ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Վայք Ինֆոտուն» ծրագրի աջակցությամբ Վայոց Ձորում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում` պրոբացիայի ծառայության աշխատանքի լուսաբանման և հասարակության մեջ ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների համատեղ մշակման և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կազմակերպումը քննարկելու նպատակով:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի կողմից մասնակիցներին հակիրճ ներկայացվել է Պրոբացիայի ծառայության գործունեությունը` քրեական հանցանք կատարած անձանց հասարակությունից առանց մեկուսացվելու պատիժ կրելու հանգամանքների, նրանց քրեական մշակույթից զերծ պահելու, հասարակությանը վերաինտեգրվելու, կրկնահանցագործության բացառման, հասարակության պիտանի անդամ դառնալու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև լրատվամիջոցների ուրույն դերն ու նշանակությունը պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքների մասին հասարակության լայն խավերի իրազեկման գործում և պայմանավորվածություն է ձեռք բերվել շահառուների վերաինտեգրման առանձին ծրագրերի, կազմակերպվող մշակութային, կրթական, սպորտային և այլ միջոցառումների լուսաբանման և շարունակական համագործակցության վերաբերյալ: