18/03/2019
2019 թվականի մարտի 18-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Զորակ Խաչատրյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով Շիրակի մարզպետարանն ու պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժինը պարտավորվում են համագործակցել անչափահասների հիմնախնդիրների լուծման հարցում:

«Մեզ համար անչափահասների հիմնախնդիրների լուծումն անչափ կարևոր է, մենք աշխատանքում պետք է առավել ուշադիր լինենք: Թիրախային և արագ աշխատանքն ու գործիքների մշակումը կարևոր պայման պետք է լինի բոլորիս համար: Շիրակի մարզի աղքատության ցուցանիշները մտահոգիչ են բոլորիս համար: Աղքատ մարզում, բնականաբար, աղքատ են երեխաները՝ դրա բոլոր հետևանքներով: Ուրեմն մեր անելիքներն առավել շատ են: Այս առումով հուշագրի ստորագրումը կաևոր քայլ կարելի է համարել»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ հուշագրի նպատակը հակասոցիալական վարքագիծ դրսևորող, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների, իրենց երեխաների նկատմամբ բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/, պրոբացիայի կին և անչափահաս շահառուների հետ վերասոցիալականացմանն ուղղված համատեղ աշխատանքն է լինելու: Այն ենթադրում է տվյալների փոխանցում, համատեղ քննարկումների կազմակերպում, փոխադարձ աջակցություն վերասոցիալականացման աշխատանքներում:

 Աղբյուրը՝ http://shirak.mtad.am/news/item/2019/03/18/ham/?fbclid=IwAR0DzQI5QxmRHCe...