18/07/2019
2019 թ․ հուլիսի 15-17-ը «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղը ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ և ՀՀ արդարադատության նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպել էր 3-օրյա խորացված դասընթաց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային բաժինների 32 աշխատակիցների համար:
Դասընթացը վարել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մասնագետներ՝ Աստղիկ Խաչատրյանը և Նարինե Հարությունյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Հասմիկ Հովակիմյանը և Անահիտ Խաչատրյանը, որոնք 2018 թ․ նոյեմբերին այլ թեկնածուների հետ միասին մասնակցել և հաջողությամբ ավարտել են Պրոբացիայի վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը: http://probation.am/hy/news/21012019http://probation.am/hy/news/30112018
Դասընթացավարները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության 32 աշխատակիցների համար վարել են հետաքրքիր սեսիաներ շահառուի հանցավորության ռիսկի նախնական, ինչպես նաև ռիսկերի և կարիքների խոր գնահատման, պայմանական վաղաժամկետ զեկույցի պատրաստման, վերահսկողության պլան կազմելու, մոտիվացիոն զրույց վարելու վերաբերյալ: Նրանց աջակցելով` պայմանական վաղաժամկետ զեկույցի պատրաստման վերաբերյալ հատուկ սեսիա է վարել նաև Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը: 
Դասընթացի ավարտին 30 հարցանոց բավականին բարդ ավարտական թեստը հաղթահարած բոլոր մասնակիցներին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը հանձնել են մասնակցության հավաստագրեր: Իրենց ամփոփիչ ելույթներում Պրոբացիայի ծառայության ղեկավարությունն ու աշխատակիցները կարևորել են «Փի-Էյչ Ինթերնեշնլ»-ի հետ ունեցած իրենց ակտիվ գործընկերությունը և շնորհակալություն են հայտնել կազմակերպությանն ու ֆինանսավորող կողմին` ԱՄՆ պետդեպարտամենտին` ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կայացման գործում ունեցած ներդրման համար: 
Նշենք, որ հուլիսի 22-24-ը կմեկնարկի հաջորդ 3-օրյա դասընթացը՝  ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մյուս մարզային բաժինների ևս 30 աշխատակիցների համար: