2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի պետ Գևորգ Իսախանյանը և պետի տեղակալ Վահրամ Խալաթյանն ընդունել են Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը:
Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանում ներդրված պրոբացիայի ծառայության փորձը և քննարկել հետագայում հնարավոր համագործակցության եղանակները, քանի որ Տաջիկստանում ևս նախատեսվում է ստեղծել Պրոբացիայի ծառայություն:
Պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ծառայության ստեղծման պատմությանը, հիմնական խնդիրներին, նպատակներին ու գործառույթներին, ինչպես նաև շահառուների նկատմամբ իրականացվող վերաինտեգրման աշխատանքներին:
«Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը ներկա էին Տաջիկստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի քաղաքական և քաղաքացիական իրավունքների պետական պաշտպանության վարչության պետի տեղակալ Նիդոյև Խուսնիդդին, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պետի տեղակալ Ֆուտուրով Ջումախոն, Դատախազության՝ ազատությունից զրկման վայրերում օրինականության նկատմամբ վերահսկողության հատուկ բաժնի պետ Նուրալիզոդա Շամսը, Տաջիկստանի ազգային համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Տակդիրշո Շարիպովը, «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրո» ՀԿ տնօրենի տեղակալ, քաղաքացիական հասարակության մոնիթորինգային խմբի ղեկավար Տախմինա Ժուրաևան և ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետ Վահե Հարությունյանը:
Հանդիպման ավարտին Տաջիկստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ծառայությանը նվիրել իրենց երկիրը մարմնավորող հուշանվեր: