Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել է «Պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունները» խորագրիրը կրող հերթական դասընթացը
2017 թվականի մարտի 18-19-ը Ջերմուկի Օլիմպիա առողջարանում անցկացվեց «Պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունները» խորագրիրը կրող հերթական դասընթացը, որը նպատակ ունի նպաստելու Պրոբացիայի պետական ծառայության կայացմանը և արդյունավետության բարձրացմանը:
Դասընթացին ներկա էին Պրոբացիայի պետական ծառայության ղեկավարը, ծառայության աշխատակիցները և Պրոբացիայի պետական ծառայության Երևանի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզային ներկայացուցիչները:
Դասընթացի հիմնական նպատակն էր պրոբացիայի աշխատակիցներին սովորեցնել կիրառել Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքները, հնարավորություն ստեղծելու պրոբացիայի աշխատակիցների համար կարծիքներ փոխանակելու, կիսվելու իրենց փորձով, քննարկելու ծառայության գործունեությանը վերաբերող խնդիրները և գտնելու դրանց հնարավոր լուծումները:
Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար Ա. Նավասարդյանը ողջույնի խոսքում նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև վերածվի լիարժեք գործող կառույցի, իսկ դա հնարավոր կլինի բոլոր աշխատակիցների ամենօրյա բարեխիղճ աշխատանքի, աշխատակիցների վերապատրաստման ու աշխատանքի նոր մեթոդների յուրացման արդյունքում:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը ընդգծեց արդյունավետ համագործակցության կարևորությունը Պրոբացիայի ծառայության կայացման գործում: Նա նաև նշեց, որ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, սակայն անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքը առկա խնդիրները լուծելու և Ծառայության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Դասընթացի ընթացքում ներկայացվեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից մշակված Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը մուտքագրված տվյալների հիման վրա ցույց է տալիս, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացնել ծառայության շահառուների հետ: Դրանից զատ, ներկայացվեց նաև ՀՀ-ում էլեկրոնային հսկողության համակարգը, պրոբացիայի աշխատակիցները ծանոթացան տուժող-իրավախախտ հաշտեցման գործընթացին, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց դասընթացի մասնակիցների շրջանում, դասընթացը դարձավ կարևոր հարթակ արդյունավետ քննարկում ծավալելու համար:
Դասընթացը կազմակերպվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում: