Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը ս․թ․ մարտի 15-ին մասնակցել է «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության կողմից։ Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների հիմնախնդիրները՝ ազատազրկման փորձառություն ունեցող մարդկանց և պետական և հասարակական շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Ծառայության պետ Արամ Նիկոյանը բացման խոսքում նշել է, որ ծառայությունը կարևորում է Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության փորձը՝ օժանդակելու ազատազրկվածների հասարակություն վերաինտեգրվելուն։
Քննարկմանը ներկա էին ինչպես պետական տարբեր գերատեսչությունների, կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անձինք, ովքեր ազատազրկված են եղել քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ինչպես նաև առնչվել են պրոբացիայի ծառայությանը։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու նոր քաղաքականություն, որում իրավախախտում կատարած անձանց վերասոցիալականացումը, վերականգնումը և վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ, ուստի, դրանով պայմանավորված, շատ կարևոր է այս համատեքստում լսել ազատազրկման փորձառություն ունեցող անձանց կարծիքները և տեսակետները վերասոցիալականացման, վերաինտեգրման և ընդհանուր առմամբ վերականգնողական արդարադատության, ինչպես նաև ազատազրկված ժամանակ իրենց ունեցած դժվարությունների ու հաջողությունների վերաբերյալ։
Քննարկումը կազմակերպվել է «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» ծրագրի շրջանակում, որն իրականցվում է «Գիտելիքների հարթակի անվտանգության և օրենքի գերակայության» «Գիտելիքների և կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։