20/12/2024

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի կողմից շահառուների վերասոցիալականացման ծրագրերի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 13-ին մարզային մարմնում հաշվառման մեջ գտնվող թվով հինգ շահառուի հետ, որից մեկ շահառու նաև ընկերոջ հետ, կազմակերպվել է այցելություն «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ:

Այցելության ժամանակ գրադարանի տնօրենի և աշխատակիցների կողմից շահառուներին ներկայացվել է գրադարանի և թանգարանի գործունեության մասին համառոտ տեղեկություններ, ցուցադրվել գրադարանի թանգարանային բաժնի ցուցասրահներում ներկայացված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքավոր իրերը, Սպիտակի տարածաշրջանից հայտնաբերված հնագիտական գտածո առարկաներ, Սպիտակի երկրաշարժի, Հայրենական և Արցախյան պատերազմների մասին ներկայացված ցուցասրահները։

Այնուհետև գրադարանի ընթերցասրահում տնօրեն Քնարիկ Գրիգորյանը խրատական բնույթի զրույց է ունեցել շահառուների հետ՝  կարևորելով իրավախախտում կատարած անձանց վերաինտեգրումը հասարակությունում և հորդորելով հաճախակի այցելել գրադարան և օգտվել գրադարանային ֆոնդից:

Գրադարանի կողմից միջոցառմանը մասնակից անչափահաս շահառուին նվիրել են Ավիկ Դերենցի «Հավատքի տաղեր» աշխատությունը, իսկ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի տեղակալին գրադարանի կողմից տրամադրվել է թվով 5 գիրք՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի գրադարանին որպես նվիրատվություն փոխանցելու նպատակով, որը նույն օրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ժամանակ տրամադրվել է Սոցիալական, հագեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետին:

Այցելության նպատակն էր արթնացնել սեր դեպի մշակույթը և գրականությունը, ինչպես նաև միջոցառումը կրում էր ճանաչողական և ուսուցողական բնույթ։