ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քրեկատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի քննարկմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետերը:
Փոխնախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության:
Ի թիվս մի շարք նորամուծությունների՝ Սուրեն Քրմոյանը հանդիպման մասնակիցներին տեղակացրել է նաև, որ ռազմավարությունից բխում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակումը և նորի կառուցումը Աբովյան քաղաքում:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Քրմոյանը հորդորել է հանդիպմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ակտիվ մասնակցել ռազմավարության նախագծի լրամշակման գործընթացին՝ ներկայացնելով գործուն առաջարկներ նախագծի ներածության, ռազմավարական ուղղությունների և դրանք իրականացնելու միջոցառումների վերաբերյալ:
Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև: