22/02/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից սույն թվականի փետրվարի 12-ին կազմակերպվել է այցելություն Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) թանգարան, որտեղ ներկայացված է Փարաջանովի գրական և գեղարվեստական բազմազան ժառանգությունը։ Ծրագրին մասնակցել են 14 շահառու։

Գիդ-էքսկուրսավարի կողմից ներկայացվել են աշխարհահռչակ կինոռեժիսորի կողմից կավից պատրաստված «Խորհրդավոր ընթրիք» անվանմամբ աշխատանքը, որտեղ հեղինակը 12 առաքյալների փոխարեն ընդամենը 8 առաքյալ էր պատկերել: Այս հետաքրքիր մոտեցումը մեկնաբանվեց որպես Փարաջանովյան ձեռագիր․ ստեղծագործող անձ, ով դուրս էր բոլոր տեսակ սահմանափակումներից՝ անկախ սպառնալիքների և արգելքների, որոնք Սովետական Հայաստանի օրենսդրությամբ էին սահմանված։

Ներկայացվեցին Փարաջանովի ձեռքերով պատրաստած տարբեր տիկնիկներ, հին իրերից՝ ափսեներից, շշերից, թերմոսներից և խեցեղենից պատրաստված կոլաժներ, ինչպես նաև տարաբնույթ այլ աշխատանքներ։ Այցի ավարտին գիդ-էքսկուրսավարի կողմից ներկայացվեց մի շապիկ, որի վրա Փարաջանովը նկարել էր ֆրանսիական գնդիկավոր գրիչով և աշխատանքն անվանել էր «Հայ Ժողովուրդ»։