Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ՝ Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի անկախ գնահատողներ Իվոն Սթանսենին և Արյան Շութհովին:
Միջազգային գործընկերների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՆ պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը:
Ծառայության պետը, ողջունելով միջազգային գործընկերներին, շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ ընդգծելով մի շարք ուղղություններով համագործակցության կարևորությունը և միևնույն ժամանակ բարձր գնահատելով հոլանդական փորձը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Արամ Նիկոյանն անդրադարձել է ինչպես պրոբացիայի ոլորտում տնային կալանքի կիրառմանը, վարչական հսկողությանը, հաշտարության մեխանիզմներին, վերականգնողական և վերասոցիալականացման գործընթացներին, այնպես էլ այս ոլորտում անվտանգային, ինչպես նաև առկա օրենսդրական հարցերին:
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը հանգամանորեն ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների ռազմավարության պլանային գործընթացները, առկա ռիսկերը և պրոբացիոն ծառայողների կարողություննրի զարգացման համար անհրաժեշտ կարիքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի կարևոր դերը` ոլորտը պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսության անցնելու հարցում, ինչը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթություններից է:
Իր գործունեության շրջանակներում AISPIRA-ն աջակցել է ՀՀ քրեակատարողական և պրոբացիոն բարեփոխումների 2023-2026թթ․ ռազմավարության մշակմանը, նպաստել է Հայաստանի և Նիդերլանդների միջև փորձի փոխանակման գործընթացներին, մշակել է վերականգնողական տարբեր թեմաներով դասընթացներ և՛ քրեակատարողական, և՛ պրոբացիոն ծառայությունների համար։
Նիդերլանդական կողմին առաջարկվել է ծառայության աշխատանքներում ներգրավել նաև հոգեբաններ և սոցիալական ծառայությունների աշխատակիցներ և, միևնույն ժամանակ, շարունակել համագործակցությունը AISPIRA-ի ծրագրով նշված ուղղություններով, այն է՝ կազմակերպել վերապատրաստողների վերապատրաստումներ՝ ձեռք բերված արդյունքներն առավել երկար պահպանելու և վերապատրաստման գործընթացների շարունակականությունն ապահովելու համար:
Երկուստեք քննարկվել են նաև Նիդերլանդների Թագավորության կողմից Պրոբացիայի ծառայության աջակցության հնարավոր ուղղությունները։