«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվեց աշխատաժողով ՀՀ Պրոբացիայի հիմնախնդիրների և բարեփոխումների վերաբերյալ
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Իրավունքի ուժ հասարակական կազմակերպության համագործակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 22-ին մեկնարկեց մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով աշխատաժողովների շարքը։ Առաջին հանդիպումը կայացավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Աշխատաժողովին ներկա գտնվեցին պրոբացիայի ծառայության, դատախազության, ոստիկանության տարբեր մարզային վարչությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Հանդիպումը վարում էր իրավական հարցերով մասնագետ Հասմիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ թեմաների, մասնակիցներն անդրադարձան պրոբացիայի ծառայության դերին, պատժատեսակների նպատակին, պրոբացիայի ծառայողի ու շահառուի հարաբերություններին, հարցազրույց վարելու առանձնահատկություններին, ռիսկերի ու կարիքների գնահատմանն ու դրա արդյունքների կիրառմանը։
Հատկապես բուռն քննարկումներ ծավալվեցին ոստիկանության ու պրոբացիայի ծառայության՝ շահառուների հետ աշխատանքին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ։ Բարձրաձայնելով խնդիրները՝ մասնակիցները հանդես եկան նաև ոլորտի բարեփոխմանն ու կարգավորմանն ուղղված բազմաթիվ գործնական առաջարկներով։