23/07/2024

2024 թվականի հուլիսի 1-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 11 շահառուներ այցելել են «Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ»։

Թանգարանի աշխատակիցները շահառուներին ներկայացրին երկու՝ տեխնիկայի և գիտության բաժիններում ներկայացված արդյունաբերական զարգացման վաղ շրջանում Հայաստանում մշակված և արտադրված ստուգող-չափիչ սարքեր ու սարքավորումներ, տեխնիկական սարքեր, որոնք ունեցել են լայն կիրառություն ինչպես գիտության և տեխնիկայի ոլորորտում, այնպես էլ՝ կենցաղում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում լայն զարգացում ստացած արդյունաբերական երկու հիմնական ճյուղերին՝ էլեկտրական մեքենաշինությանը և ավտոմեքենաշինությանը։ Աշխատակիցները ներկայացրել են նաև Հայաստանի, ինչպես նաև ողջ աշխարհով սփռված հայազգի անվանի գիտնականները։

Գիտության և տեխնիկայի թանգարանը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ ներդրումները։ Թանգարանում ներկայումս զետեղված է բավականին հարուստ հավաքածու, որը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի գիտատեխնիկական մտքի զարգացման ընթացքը։

Շահառուների թանգարան այցելության նպատակն էր արթնացնել սեր դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթությունը։