24/02/2025

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի փրկարարական վարչության միջև ձևավորված համագործակցության արդյունքում փետրվարի 14-ին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի դահլիճում պրոբացիայի շահառուների համար կազմակերպվել էր սեմինար-պարապմունք՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության վարքագծային կանոնների վերաբերյալ։

Սեմինարին ներկա է գտնվել Ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառու։ Շուրջ երկու ժամ տևած դասընթացի շրջանակներում փրկարարական ծառայության Վայոց ձորի փրկարարական վարչության աշխատակիցները շահառուներին ներկայացրել են տարբեր արտակարգ իրավիճակներում՝ դրանց հնարավոր առաջնային կանխարգելման, փրկարար ծառայություն զանգահարելու և պատշաճ տվյալներ տրամադրելու ձևերը, տրվող շչակների տեսակները և դրանցով պայմանավորված անհրաժեշտ վարքային կանոնները։ Շահառուները ստացել են նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Միջոցառման նպատակն էր շահառուների մոտ բարձրացնել արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոնների վերաբերյալ գիտելիքների մակարդակը։

ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի փրկարարական վարչությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս անցկացնել նմանօրինակ դասընթացներ, իսկ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը՝ տրամադրել դահլիճ։