25/02/2017
2017 թվականի փետրվարի 25-26-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կայացավ «Պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունները» խորագրով դասընթաց, որը կազմակերպվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Դասընթացին ներկա էին Պրոբացիայի պետական ծառայության ղեկավարը, ծառայության աշխատակիցները և Պրոբացիայի պետական ծառայության մարզային ներկայացուցիչները:

Իր ողջույնի խոսքում Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար Արսեն Նավասարդյանը ողջունեց այնպիսի նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպաստում են Պրոբացիայի պետական ծառայության կայացմանն և զարգացմանը: Նա նաև խոսեց նորաստեղծ ծառայության առջև ծառացած խնդիրներից՝ շեշտելով նոր մշակված Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքներով աշխատելու կարևորությունը: «Ծառայությունը ստեղծվել է, այն գոյություն ունի, բայց գտնվում է կայացման փուլում, իսկ Պրոբացիայի ծառայության կայացման համար մեր գլխավոր հույսը պետք է դնենք մեզ վրա»,- նշեց Ա. Նավասարդյանը:
Պրոբացիայի պետական ծառայության ղեկավարը նաև անդրադարձավ պրոբացիայի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ նշելով, որ հարկավոր է փոխել Այլընտրանքային պատիժների կատարման բաժնից ժառանգված մոտեցումները և առաջնորդվել Պրոբացիայի ծառայության նորացված մտածելակերպով:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին Պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությունը խոչընդոտող գործոնները, փորձ արվեց դրանց համար գտնել լուծման մեխանիզմներ, պրոբացիայի աշխատակիցները ծանոթացան տուժող-իրավախախտ հաշտեցման գործընթացին, դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ-ում էլեկրոնային հսկողության տեսակները: Դասընթացի կարևոր հատվածը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից մշակված Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների ներկայացումն ու դրանցով աշխատելու ձևերի ու միջոցների պարզաբանումն էր: Դասընթացի մասնակիցները խմբային աշխատանք կատարեցին՝ առաջնորդվելով ՌԿԳԳ-ի կողմից առաջարկվող մոտեցումներով: