2019 թվականի մարտի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները, ծառայությունում հաշվառված թվով 43 շահառուները՝ ծառայության պետ Արսեն Նավասարդյանի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն են ունեցել համապետական շաբաթօրյակին:
Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգու տարածքում ծառայության կենտրոնական մարմնի և Երևանի քաղաքային բաժնի աշխատակիցների ուժերով տնկվել են 100-ից ավելի տնկիներ՝ նպաստելով Երևան քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը:
Ծառայության մարզային բաժինների աշխատակիցները նույնպես մասնակցել են համապետական շաբաթօրյակին՝ իրականացնելով ծառատունկի, հատկացված տարածքների բարեկարգման ու մաքրման լայնածավալ աշխատանքներ, մասնավորապես՝ Լոռու մարզային բաժնի աշխատակիցները և թվով 5 շահառուներ մաքրության աշխատանքներ են կատարել Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանի և հարակից տարածքում: Հանրային աշխատանքների ձևով պատիժ կրող 2 շահառու շաբաթօրյակին մասնակցել են իրենց աշխատավայրերում: Վայոց Ձորի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված 3 շահառուների հետ համատեղ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Եղեռնի և Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշահամալիրում և նրա մերձակա տարածքում: Կոտայքի մարզային բաժնի աշխատակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարել Աբովյանի և Հրազդանի քաղաքապետարանների հարակից տարածքներում և այգիներում: Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների մաքրման և կանաչապատման աշխատանքներն ընդգրկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հարող տարածքը: Տավուշի մարզային բաժնի աշխատակիցները ծառատունկի, բարեկարգման և մաքրման աշխատանքներ են կատարել Իջևան քաղաքում տեղակայված ծառայության շենքի հարակից տարածքում: Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված թվով 10 շահառուների հետ համատեղ մաքրման աշխատանքներ են իրականացրել Սևան քաղաքում տեղակայված ծառայության շենքի հարակից տարածքում, ինչպես նաև մասնակցել են Սևան-Երևան մայրուղու որոշակի հատվածում աղբահավաքման աշխատանքներին: Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված թվով 10 շահառուների հետ համատեղ մաքրման աշխատանքներ են իրականացրել Գորիս համայնքի Վերիշեն գյուղում տեղակայված 4-րդ դարի եկեղեցու բակում, Սիսիանի համայնքապետարանի և Մեղրիի քաղաքապետարանի հարակից պուրակներում:
Արարատի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված թվով 13 շահառուների հետ համատեղ իրականացրել են պատմամշակութային արժեք հանդիսացող Խոր Վիրապ վանքի հարակից տարածքների բարեկարգման ու մաքրման լայնածավալ աշխատանքներ: