26/04/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր հանդիպել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը լսել է Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի, ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարների ամփոփ զեկույցները վերասոցիալականացման ծրագրերի ուղղությամբ մարզերում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Տիգրան Խաչիկյանը լսել է նաև ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարների բարձրացրած խնդիրները և քննարկել ծառայության որակի բարելավմանն ուղղված քայլերը:

Մասնավորապես՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարզային ստորաբաժանումների շենքային տարածքների, կադրային արդյունավետ ապահովման, վերասոցիալականացման գործառույթի արդյունավետության բարձրացման և ծառայության կողմից տրամադրվող խորհրդատվական զեկույցների բովանդակությանը և էլեկտրոնային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Խաչիկյանը կարևորել է ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման գործառույթի արդյունավետության բարձրացման համար հոգեբանների ներգրավվածությունը պրոբացիայի շահառուների հետ տարվող աշխատանքներում: Այս համատեքստում՝ Տիգրան Խաչիկյանը հանձնարարել է եռամսյակային ժամանակացույցով ներկայացնել զեկույցներ հոգեբանների ներգրավմամբ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նշելով հստակ շահառուի տվյալները և կատարված աշխատանքների բնույթը:

Հանդիպման ընթացքում փոխնախարարին ներկայացվել է նաև ծառայության Երևան քաղաքի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի կիրառման արդյունքները, որը հաջորդաբար ներդրվելու է նաև մարզային ստորաբաժանումների կողմից:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ փոխնախարարը հանձնարարել է եռօրյա ժամկետում Նախարարություն ներկայացնել քննարկված խնդիրների մի մասին առնչվող իրավական լուծումների առաջարկները՝ դրանք սահմանված կարգով ուսումնասիրելու համար:

Աղբյուրը՝  http://moj.am/article/2311