2019 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հանդիպում-քննարկումը՝ պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ:
Քննարկումը կայացավ Town Hall ձևաչափով, որին մասնակցում էին Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քրեակատարողական ծառայության ՍԻԱՀ բաժնի պետ Մարինե Գասպարյանը, ոլորտում մասնագիտացած ՀԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
Բացման խոսքի ժամանակ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը շեշտեց պրոբացիայի համակարգի կայացման գործում տարբեր գերատեսչությունների համագործակցության կարևորությունը։
Քննարկումը վարում էին Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ Լեո Տիգեսը և Սթիվեն Պիթսը։ Վերջիններս Հայաստան ժամանել են պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագիր ներկայացնելու նպատակով։
Հավելենք նաև, որ այցի ընթացքում նրանք հանդիպել են ոլորտում գործող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայության (http://probation.am/hy/news/26032019), Քրեակատարողական ծառայության, դատավորների, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների, ինչպես նաև «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի ներկայացուցիչների հետ։
Այս հանդիպումների արդյունքում նրանք կազմել էին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կայացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, որոնց շուրջ նկարագրված սցենարները մասնակիցների կողմից քննարկվեցին երկու խմբում, այնուհետև ամփովեցին ընդհանուր քննարկումով։ Հանդիպման արդյունքները կամփոփվեն Լեո Տիգեսի և Սթիվեն Պիթսի կողմից և կներկայացվեն «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին։