2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժինը Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համատեղ, համագործակցության շրջանակներում բաժնում հաշվառված թվով 5 շահառուների մասնակցությամբ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի դահլիճում կազմակերպել էր հանդիպում։
Հանդիպման նպատակն էր լուծել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում հաշվառված չաշխատող շահառուների զբաղվածության խնդիրը:
Զբաղվածության տարածքային կենտրոնի պետ Արա Առաքելյանը և բաժնի գլխավոր մասնագետ Հերմինե Գևորգյանը ներկայացրել են զբաղվածության պետական գործակալության դերը, իրականացվող զբաղվածությանն ուղղված պետական ծրագրերը, դրանց մասնակցելու, տեղեկատվության կենտրոնում հաշվառման կարգը, ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև աշխատանք գտնելու այլ տարբերակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Շահառուներին տրամադրվել են գործատուների կողմից ներկայացված Վանաձորի զբաղվածության կենտրոնում ներկա պահին առկա թափուր աշխատատեղերի ցուցակը:
Հանդիպման վերջում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Վարդան Չոբանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և նշել, որ կառույցների համագործակցությունը կնպաստի պրոբացիայի շահառուների իրազեկվածությանը, նոր մասնագիտական գիտելիքներ ստանալուն և աշխատանքի տեղավորվելու հարցերի լուծմանը: