ՀՀ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է վերասոցիալականացման միջոցառումներ, որոնց նպատակն է պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված շահառուներին տրամադրել հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն:
«Ինչպես կառավարենք մեր հույզերը» թեմայով հոգեբանական միջոցառմանը մասնակցեցին թվով 13 շահառու: Հոգեբանի օգնությամբ շահառուները ներկայացրեցին իրենց հոգեբանական խնդիրները, ինչպես նաև յուրացրեցին ինքնաճանաչման, սեփական հույզերի կառավարման և ինքնատիրապետման հնարքները: «Սոցիալական աջակցության տրամադրում» թեմայով միջոցառումը միտված էր սոցիալական պաշտպանության ոլորտին՝ շահագրգիռ իրավասու կառույցներին դիմելու ընթացակարգերի իրազեկմանը, ինչպես նաև մասնակից դարձած թվով 6 շահառուները տեղեկատվություն ստացան ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական աջակցության հնարավոր տարբերակների մասին: «Իրավագիտակցության բարձրացում» միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, ՀՀ պետաիրավական համակարգում հաճախ հանդիպող խնդիրների լուծմանը, տարբեր իրավիճակներում օրինապահ վարքագծի դրսևորմանը, ինչպես նաև ներկայացվեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու կարգն ու պայմանները: Նշված միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 10 շահառու: