29/05/2019
Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի 1-ին հանդիպումը։ 
Հանդիպման թեման էր կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում, որին ներկա էր 10-12 պրոբացիայի շահառուներից բաղկացած խումբը։
Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ծառայության պետի ցուցումով իրականացվող վերասոցիալականացման ծրագրի հանդիպումների շարքը նպատակ ունի անդրադառնալ շահառուների հոգեբանական խնդիրներին, հուզող հարցերին, բարձրացնել նրանց իրավագիտակցությունն, ինչպես նաև ծանոթացնել պրոբացիայի ոլորտին առնչվող օրենսդրությանը, որն էլ իր հերթին կնպաստի շահառուների հասարակություն վերաինտեգրվելուն և կրկնահանցագործությունների կանխմանը։ «Ծառայությունն ունի առանձնացված հոգեբանի անկյուն, որտեղ կարող եք ստանալ հոգեբանական աջակցություն և կիսվել Ձեզ անհանգստացնող հարցերով»,- իր խոսքում ասել է Վ․ Խալաթյանը։
Հանդիպումը ընթացել է դինամիկ և ինտերակտիվ, շահառուներին ներկայացվել են կոնֆլիկների տեսակները, զարգացման փուլերը (հաղթող-հաղթող, հաղթող-պարտվող, պարտվող-պարտվող), և դրանց լուծման տարբերակները։
Հանդիպումը վարել են ծառայության գլխավոր մասնագետներ Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը և հոգեբան Վահան Հարությունյանը։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը կայանալու է 05.06.2019թ. ժամը 15.00-ից 17.00, որի թեման է ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։