30/09/2019
2019 թվականի սեպտեմբերի 29-ին, վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում, Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառուներ, բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, ներկա գտնվեցին «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կազմակերպված «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով և Լոռու մարզպետարանի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությունը, բացահայտել պատմական վայրի գրավչությունները` դարձնելով այցելուների համար հաճելի վայր: Թատերականացված պատմական դրվագներով ներկայացվեցին միջնադարյան բերդաքաղաքի ավադույթները, բարքերը. «Բագրատունյաց արքան» ուղեկցում էր հյուրերին ՝ ներկայացնելով բերդաքաղաքի պատմությունը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց բերդաքաղաքի տարածքից  հայտնաբերված առարկաների և պեղումների մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո ներկայացվեց նաև միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները, միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտը ապահովեցին արհեստավորական տաղավարներն ու շուկան, որի տարածքում ներկաները դիտեցին ինչպես աճպարարական կատարումներ, այնպես էլ՝ ժողովրդական երաժշտական նվագարաններով «երաժշտական մարտեր»։ Միջոցառման վերջում հանդես եկավ՝ «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտությունների առանձնահատուկ մատուցմամբ, և «Որդան կարմիր» ռոք խումբը: