ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը ելույթ է ունեցել ապրիլի 11-12-ը Երևանում կայացած Հայ-վրացական իրավական 5-րդ ֆորումին՝ ներկայացնելով Պրոբացիայի ծառայության կառուցվածքը, գործառույթները, կատարված աշխատանքը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու ծառայության այլ բարեփոխումներ։
Արամ Նիկոյանը մասնավորապես ներկայացրել է Պրոբացիայի ծառայությունում գործող e-probation էլեկտրոնային կառավարման համակարգը, որն ապահովում է պրոբացիայի ծառայության գործառույթների ամբողջական թվայնացումը։
Ծառայությանը պետն անդրադարձել է նաև շարժական գրասենյակներին, որոնք արդեն կիրառվել են պիլոտային եղանակով, ինչի շնորհիվ հնարավոր է իրականացնել շահառուների ընդունելությունը, հաշվառումը, պատժի և վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում տրամադրել հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև իրավաբանական տարաբնույթ խորհրդատվություններ։
Արամ Նիկոյանը խոսել է նաև շահառուների անձամբ ներկայությունը հավաստելու նպատակով Պրոբացիայի ծառայության գրասենյակներում առաջիկայում տեղադրվելիք մատնահետք կարդացող և տվյալներ նույնականացնող սարքերի վերաբերյալ, որոնք հանդիսանում են Վրաստանի Հանրապետությունում կիրառվող Probox էլեկտրոնային համակարգի պրոտոտիպը։ Սարքերը կնպաստեն ծառայության գործառույթների իրականացման արդյունավետությանն ու թափանցիկությանը՝ բացառելով կողմնակի միջամտության որևէ հնարավորություն
Ֆորումի շրջանակներում Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել հարաբերությունները պրոբացիայի ոլորտում՝ ընդլայնելով լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։