Պրոբացիայի ծառայության աշխատանքային խումբը մասնակցել է Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ համաշխարհային 6-րդ կոնգրեսին
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է սույն թվականի ապրիլի 16-18-ը Նիդեռլանդների Թագավորության Հաագա քաղաքում կայացած «Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ համաշխարհային 6-րդ կոնգրեսին»։
Կոնգրեսի շրջանակում Արամ Նիկոյանը հանդիպել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յանա Շպերոյին։ Վերջինիս հետ քննարկվել են Պրոբացիայի ծառայության՝ 2024 թվականի հունվարին Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ հարցեր և նախանշվել համագործակցության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը։
Ծառայության պետը հանդիպել է նաև Նիդեռլանդների Թագավորության Պրոբացիայի ծառայության պետ Յոհան Բաքին, Լեհաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության ազգային խորհրդի նախագահ Դարիուս Պալմիրսկիին, Չեխիայի Հանրապետության Պրոբացիայի և հաշտարարության ծառայության գործադիր տնօրեն Անդրեա Մատուսկովային և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարարության և պետական կառավարման Բանտային համակարգի և պրոբացիայի տնօրինության Պրոբացիայի համակարգի ղեկավար Գորան Բրկիչին: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։