30/04/2024

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպվել էր այցելություն Երևանի Ռուսական արվեստի թանգարան, որին մասնակցել են 7 շահառուներ։ Թանգարանը հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա, համաշխարհային մշակույթում իր ուրույն տեղն ունի ռուսական արվեստը, որի ազդեցությունը մեծ է ինչպես հայ, այնպես էլ աշխարհի շատ ու շատ արվեստագետների վրա: Շահառուները ծանոթացան XIX դարավերջի և XX դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքներին (Վ. Սերով, Կ. Կորովին, Մ. Վրուբել, Մ. Նեստերով, Ա. Բենուա և շատ ուրիշներ): Իսկ Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարը ներկայացված էր VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողը վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հայտնվում էր ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «զբոսնելով» այնտեղ, «հանդիպում» նկարի հերոսներին և ծանոթանալով ստեղծագործության պատմությանը։

Այցելություն ցանկացած մշակութային օջախ նպատակ ունի բարձրացնել շահառուների գեղագիտական և մշակութային ճաշակը, նպաստել շահառուների հոգևոր գիտելիքների ձեռքբերմանը։