Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում մշակված պրոբացիայի շահառուների բռնի վարքագծի նվազեցման վերաբերյալ ձեռնարկի հիման վրա կազմակերպված դասընթացավարների վերապատրաստմանը։
Ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գրասենյակին Պրոբացիայի ծառայության հետ կայուն գործընկերության, պրոբացիայի ծառայության տարբեր գործառույթների շրջանակներում արդյունավետ համագործակցության և աջակցության համար, նշել է նաև պրոբացիայի շահառուների կարիքներով պայմանավորված վերջիններիս հետ թիրախային և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար նմանատիպ ձեռնարկի մշակման, ինչպես նաև պրոբացիայի ծառայողների վերապատրաստման կարևորությունը։
Դասընթացը հագեցած էր ինչպես տեսական նյութով, այնպես էլ պրակտիկ վարժություններով՝ դերային խաղերով, ակտիվ քննարկումներով, դասընթացի ընթացքում սիմուլյացիաների միջոցով վերապատրաստողներին հնարավորություն է ընձեռվել մշակել և ներկայացնել դասընթացի պլան, ցուցադրելով՝ ինչպես են նրանք ապագայում վարելու դասընթացը որպես վերապատրաստման մասնակիցներ։