Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, որի նպատակն էր դատավորներին ներկայացնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող Էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունները:
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կստեղծեն լուծումներ գտնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարման ընթացքում առաջացող խնդիրների համար:
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը դատավորներին է ներկայացրել էլեկտրոնային հսկողության սարքավորումների գործածման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման տարբերակներ։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը խոսել է էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունների և դրանց կիրառման սկզբունքների մասին։ Ամփոփելով հանդիպումը նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար: