07/07/2017
2017թ. հուլիսի 07-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի նախաձեռնությամբ <<Խաչվող ուղիներ>> սոցիալական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վերը նշված կազմակերպությանը ներկայացնել Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի գործառույթները և հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզային բաժնի աշխատակիցները, <<Խաչվող ուղիներ>> սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և նշված կազմակերպության գործընկեր <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության հոգեբան մասնագետներ և սոցիալական աշխատողներ:
Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչների կողմից համառոտ ներկայացվեց ծառայության ստեղծման մասին տեղեկություն, ծառայության գործառույթները՝ բաժնում հաշվառված շահառուների հետ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կամավորներին ներգրավման կարգն ու առաջադրվող պահանջները, ինչպես նաև շահառուների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները՝ ըստ պատիժների և վերահսկողության:
<<Խաչվող ուղիներ>> սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ֆիլմի ցուցադրմամբ ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ըստ ոլորտների և պատրաստակամություն հայտնեցին իրենց կարողությունների շրջանակներում համագործակցել Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի հետ և հայտնեցին, որ առաջիկայում կայցելեն Լոռու մարզային բաժին տեղում ծանոթանալու ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին:
<<Խաչվող ուղիներ>> սոցիալական հասարակական կազմակերպությունը իրականացնում է կրթադաստիարակչական, համայնքային զարգացման և սոցիալ – հոգեբանական ծրագրեր, համագործակցում է <<Հայկական Կարիտաս>> և <<Փոքրիկ իշխան>> հասարակական կազմակերպությունների հետ՝ Լոռու մարզի տարածքում մասնավորապես Վանաձոր քաղաքում և շրջակա մի քանի գյուղական համայնքներում: